Անցած արշավներ
Երկօրյա հեծանվարշավ դեպի Թթուջուր, օգոստոսի 30-31
Այս շաբաթ-կիրակի, օգոստոսի 30-ից 31-ը «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Թթուջուր երկօրյա հեծանվարշավի: Ամառվա այս վերջին հանգստյան օրերին պատրաստ եղեք վայելելու լեռային մաքուր օդ, վերելքներ և խելահեղ վայրէջքներ, խնձորի այգիներ, երեկոյան խնջույք խարույկի շուրջ և զով գիշեր: Կլինի նաև առավոտյան օծում թթուջրով: |
|
Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Այս կիրակի՝ օգոստոսի 3-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք մեր ակտիվիստների ջանքերով պահպանվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: |
|
Հեծանվարշավ և գիշեր Թռչկանի գրկում - 2014
Վերջապես՝ տարվա ամենասպասված արշավը, վերադառնում ենք Թռչկանի ջրվեժ, մեր բնաշխարհի եզակի փրկված գանձերից մեկը, ով իր շուրջը հավաքեց բնության նկատմամբ թեկուզ չնչին սեր ունեցող յուրաքանչյուր ոգի: Տեսնել Թռչկանը և չսիրահարվել՝ անհնար է: Ձուլվել զով շիթերին, մաքրվել ու լիցքավորվել անսահման դրական էներգիայով՝ կատարյալ երանելություն:Երկու օրով կտրվում ենք առօրյա կյանքից ու պոկվում դեպի Թռչկանի գիրկը՝ մաքրվելու ու աստղերի տակ երազելու... Արշավը մաքսիմալ հաճելի դարձնելու ու Թռչկանի մոտ շատ ժամանակ անցկացնելու նպատակով, Երևանից դեպի Գյումրի կգնանք գնացքով, հետո հեծանիվներով կուղևորվենք Թռչկան: Բոլոր բեռները կտեղափոխենք մեքենայով: Կանցկացնենք ուրախ և հետաքրքիր օր, կնստենք խարույկի շուրջ, կգիշերենք, իսկ հաջորդ օրը դեռ կեսօրը չբոլորած կշարժվենք դեպի Երևան: |
|
Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին: |
|
Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Այս կիրակի՝ մայիսի 18-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք մեր ակտիվիստների ջանքերով պահպանվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: |
|
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու ևս մեկ սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: |
|
Հեծանվարշավ դեպի Բջնի
Գնացքով մինչև Հրազդան, այնուհետև ձորերով մինչև Բջնի, ուր կըմպենք ընդերքից ժայթքող բնական գազով հանքային ջուր, հետո կմագլցենք Բջնիի բերդը՝ վայելելու մեր հանգիտը և գեղեցիկ տեսարանները, հետո կշարունակենք ձորերով մեր ճամփան դեպի Երևան:Մեկնարկը. կիրակի օրը՝ ապրիլի 27-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc |
|
Քաղաքային հեծանվազբոսանք
Այս կիրակի օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:Հավաքվում ենք կիրակի օրը՝ ապրիլի 13 -ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) https://www.facebook.com/HVZarhestanoc |
|
Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկած ծառերի հետքերով
Այս արշավը նախատեսված էր իրականացնել մարտի 30-ին, սակայն բոլորիս հայտնի է, թե նախօրեից սկսած ինչ անակնկալ մատուցեց եղանակը, և ստիպված եղանք արշավը հետաձգել: Թե ինչքանով են տուժել այգիները և ինչ վիճակում մենք դրանք կգտնեք՝ կտեսնենք դեպի Դվին արշավի մեր երկրորդ փորձից: Այս անգամ ձյուն, կարկուտ և նման արհավիրքներ չենք սպասում :)Ստորև ներկայացված է միջոցառման նախկին տեսքստը: Գարունը տեսնելու և շնչելու հեծանվարշավ՜ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին: Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ: |
|
Հեծանվարշավ դեպի Եղվարդ
Բնության ծաղկման հետ զուգահեռ մեզ սպասվում են հեծանվարշավեր դեպի հայրենի բնաշխարհի ավելի գեղեցիկ և գողտրիկ վայրեր, սակայն մինչ այդ պետք է աստիճանաբար համապատասխան մարզավիճակ ձեռք բերել: Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը: |
|