Մոտո-արշավ դեպի Ամուլսար
Այս կիրակի՝ օգոստոսի 26-ին, մոտոցիկլերով երթ տեղի կունենա դեպի Ամուլսար՝ աջակցություն հայտնելու այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են սարի պահպանության համար:
Երթը կսկսվի կիրակի օրը, օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը 09:00-ին Հանրապետության Հրապարակից: Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, այնտեղ կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 պոստերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով: Կայցելենք նաև Ջերմուկի տեսարժան վայրերը: Վերադարձը՝ նույն օրը. ժամը 16:00-ին երթը Ջերմուկից կշարժվի Երևան: Բոլոր ցանկացողները կարող են միանալ: Խնդրում ենք նախապես այդ մասին գրավոր կամ հեռախոսով տեղյակ պահել Սամվել Հովհաննիսյանին՝ 093426654: Մոտո-արշավին անկաշկանդ կարող են միանալ նաև մեքենաներով, էլ ավելի գունավորելով մեր ուղևորությունը: Հիշեցնենք, որ Ջերմուկ առողջարանային քաղաքից շուրջ 8կմ հեռավորությամբ գտնվող Ամուլսարում օֆշորային Լիդիան ընկերությունը նախատեսում էր ոսկու հանք շահագործել: Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ հանքի ճանապարհները փակված են քաղաքացիների կողմից, որի շնորհիվ շինարարությունը հնարավոր չի լինում ավարտին հասցնել ու սկսել հանքի շահագործումը: Ամուլսարի խնդիրը նախ և առաջ Հայաստանի ջրերի պաշտպանության խնդիրն է, քանի որ այս տարածքում են սկիզբ առնում կարևորագույն ջրային աղբյուրներ, հոսում են Արփա և Որոտան գետերը, գտնվում են Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, անցնում է Որոտան-Սևան թունելի մի հատվածը: Շատ մեծ վտանգ կա, որ այս ջրային աղբյուրները կարող են թունավորվել ծանր մետաղներով ու թթվային ջրերով՝ սպառնալով ամբողջ կենտրոնական ու հարավային Հայաստանի բնակչության ու բնության գոյությանը: Արդեն վեցը տարի շարունակ Ամուլսարի պաշտպանության համար ընթացող պայքարը հիմա հասել է գագաթնակետին, և հուսով ենք, որ շուտով կհանգուցալուծվի՝ հօգուտ բնության և մարդկանց իրավունքների պաշտպանության: |
|