Հայաստան.
մարդածին բնապահպանական աղետն ընթացքի մեջ է
Հաշվի առնելով հանքավայրին շրջապատող լեռնային լանդշաֆտը, ինչպես նաև այն, որ տեղանքը գտնվում է սեյսմիկ գոտում, տեխնիկական, ուստի նաև` ֆինանսական մեծ դժվարություն կներկայացնի հանքավայրի 500 մլն տոննա պոչանքի և 600 մլն տոննա այլ տեսակի թափոնների` անվտանգ և բնապահպանական առումով ընդունելի ամբարումը":
Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքի ծրագրի նախնական ուսումնասիրություն
"Սթրատկոնա միներալ սըրվիսիզ" ՍՊԸ, Կանադա 2001թ.
Համառոտ տվյալներ երկրի մասին
Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, ունի 29,000 քառակուսի կմ տարածք, չափերով համեմատելի է Բելգիայի հետ, փոքր-ինչ ավելի մեծ է, քան Իսրայելը: Գտնվում է Քուռ-Արաքս գետերի ավազանի վերին հատվածում` ծովի մակերևույթից 380մ-ից 4090մ բարձրության վրա: Յուրահատուկ տեղադրության և հրաբխային ծագման շնորհիվ Հայաստանն աչքի է ընկնում բարձր գոտիականությամբ և հանդիսանում է հազվադեպ հանդիպող և վտանգված բազմաթիվ բուսատեսակների և կենդանատեսակների կենսամիջավայր:
Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Երկիրը միացել է շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ մասին: Միջազգային կազմակերպությունների կողմից բնապահպանական նպատակներով Հայաստանը շարունակաբար ստացել է տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որի դրամային արժեքը կարելի է հաշվել միլիոնավոր դոլարներով: Երկրում, սակայն, կա բնապահպանական համարժեք քաղաքականությունների և իրավակիրարկման պրակտիկայի պակաս: Կոռուպցիայի մակարդակն ահագնացող է, իսկ բնական ռեսուրսների շահագործումը` անխնա:
1980-ականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը նվազել է, հասնելով 7%-ի: 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով մեծածավալ անտառազանգված ոչնչացվեց: Ծառահատումները հիմնականում կատարվում էին առանձին բնակիչների կողմից` բնակարանները տաքացնելու և կերակուր պատրաստելու նպատակով: Այսօր անտառահատումը շարունակվում է` հիմնականում կազմակերպված ապօրինի ծառահատումների և անտառային հողերի անօրինական բաշխման պատճառով: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անտառային տարածքների կրճատումը նպաստում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, արագացնում է անապատացման գործընթացը, մեծացնում սողանքային և հողի էրոզիայի վտանգները, հանգեցնում է կենսաբազմազանության կորստի և անտառահատված տարածքներին հարակից համայնքների բնակիչների կենսապայմաների վատթարացմանը: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ:
Վերջին տասնամյակում Հայաստանի անտառային տարածքներն անխնա կերպով հատկացվել են տարբեր տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես` հանքարդյունաբերություն ծավալելու նպատակով: Այսօր հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հռչակված է տնտեսության գերակա ճյուղ և ինտենսիվ կերպով զարգանում է: Կառավարությունը տվել է հանքարդյունահանման մի քանի հարյուր արտոնագիր, սակայն առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման և շրջակա միջավայրի պահպանության օրենսդրական պատշաճ շրջանակի և բնապահպանական ու սոցիալական հետևանքների համապարփակ գնահատման: Ցայսօր, հանքարդյունաբերությունը շարունակում է թողնել աղետալի հետևանքներ: Երկրի տարածքի հազարավոր հեկտարների հասնող մասը ծածկված է բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Ըստ 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո: Բազմաթիվ փորձագետներ անոմալիաների այս բարձր ցուցանիշը բացատրում են շրջակա միջավայրի աղտոտվածության բարձրացած մակարդակով: Առողջական խնդիրները հատկապես սուր են արտահայտված երկրի հյուսիսային և հարավային շրջաններում, ուր ծավալվում է հանքագործությունը: (որտեղ և կենտրոնացված են հանքարդյունաբերության հիմնական օջախները):
Կառավարության կողմից հանքարդյունահանման ամենահակասական նախաձեռնություններից մեկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի ադյունահանման արտոնագրի տրամադրումն է: Կառավարության այս քայլը լայնամասշտաբ դիմադրություն է առաջացրել բնապահպանական հասարակական կազմակերպությունների, փորձագետների և տեղի համայնքների շրջանակներում: Սակայն շրջակա միջավայրին սպառնացող աղետի կանխման համար անհրաժեշտ է նաև միջազգային կազմակերպությունների համախմբված օժանդակությունը:
Տեղանքի նկարագրություն
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզի հյուսիս-արևելյան շրջանում` սեյսմիկ և սողանքային գոտում: Հանքավայրի տեղանքը գեղատեսիլ և լանդշաֆտային բազմազանությամբ աչքի ընկնող տարածք է` ծածկված անտառներով և կտրտված Շնող գետի և իր վտակների` Կռունկի, Պակասաջրի (Խառատաձորի) և Դուքանաձորի խորխորատներով: Այս գետակները Շնող և Թեղուտ գյուղերի ջրի հիմնական աղբյուրն են և օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ` ոռոգման նպատակներով: Շնող գետը դեպի Վրաստան հոսող անդրսահմանային Դեբեդ գետի վտակներից է: Տեղանքում կարելի է նաև գտնել հնադարյան և միջնադարյան շուրջ 20 պատմամշակութային հուշարձան:
Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և համարվում են վտանգված, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում:
Անտառին հարող տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր շուրջ 3600 շունչ: Կլիմայի և հողի նպաստավոր պայմանները գյուղի բնակիչներին թույլ են տալիս զբաղվել ավանդական հողագործությամբ և մշակել բազմապիսի մշակաբույսեր: Խորհրդային Միության փլուզումից և կոլեկտիվ տնտեսությունների կազմաքանդումից հետո գյուղական շրջանների բնակիչները հիմնականում գոյատևել են գյուղատնտեսության և անտառային բարիքների շնորհիվ:
Հանքարդյունահանման ծրագիրը
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը հայտնաբերվել է 1972թ.: Ըստ մասնագետների, այն պարունակում է շուրջ 450 միլիոն տոննա հանքանյութ, որից` 0.36%` պղինձ և 0.022%` մոլիբդեն, այսինքն` ավելի քան 1.6 մլն տոննա պղինձ և շուրջ 100,000 տոննա մոլիբդեն: Հանքանյութից կարելի է զտել նաև ծծմբի, ոսկու, արծաթի և ռենիումի խտանյութեր:
2000թ. հանքը շահագործելու արտոնագիր տրամադրվեց "Արմենիան քափր փրոգրամ" (ACP, Էյ-Սի-Փի) ՓԲԸ-ին: Ընկերության բաժնետոմսերի շուրջ 81 տոկոսը պատկանում է "Վալլեքս Ֆ.Մ." կոչված ընկերությանը, որը գրանցված է Լիխտենշտնեյնում և որի մասին հանրային որևէ այլ տեղեկություն գոյություն չունի: "Վալլեքս"-ի լեգիտիմությունը, այդ թվում` այն, թե ում սեփականությունն է, գործունեության և հաշվապահական կարգապահության օրինականությունը ստուգելը դժվար է: 1997թ.-ից ի վեր "Էյ-Սի-Փի"-ն շահագործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որը գտնվում է Թեղուտի անտառից 18 կմ դեպի հարավ-արևելք: Ալավերդում ծավալած իր գործունեության պատճառով "Էյ-Սի-Փի"-ն ձեռք է բերել բնության և մադկանց առողջության պահպանությունը անտեսող ընկերության վատ համբավ: Ոչ համարժեք բնապահպանական միջոցառումներ ձեռնարկելու հետևանքով Ալավերդու տարածքում բարձրացել է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց, հղիության ընթացքում բարդությունների և անոմալ ծնունդների թիվը:
Թեղուտում "Էս-Սի-Փի"-ն առաջարկում է 50-70 տարիների ընթացքում բաց եղանակով արդյունահանել պղինձ և մոլիբդեն: Թեղուտի հանքի արտադրական հզորությունն ընկերությունը գնահատում է տարեկան 7 միլիոն տոննա` 87,664,000 ԱՄՆ դոլարին համարժեք կանխատեսվող արդյունքով: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի ընդունել 1400 հոգու, որոնց մի մասը կընտրվի տեղի համայնքներից, մյուս մասը` կընդգրկվի "Էյ-ՍԻ-Փի"-ի այլ մասնաճյուղերից:
Հանքարդյունահանման համար հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հա, որի 82%-ը (կամ 1232 հա-ն) ծածկված է անտառներով: Ծրագրով նախատեսված է 357 հա անտառի լրիվ հատում: Բնական ռեսուրսների ադյունահանման հետևանքով այժմ անտառածածկ լեռներից մեկը կվերածվի 600 մետր խորություն ունեցող հորի: Թափոնները նախատեսվում է պոչանքի միջոցով հեռացնել Դուքանաձոր գետի ձոր: Հանքի շահագործման արդյունքում կառաջանա շուրջ 500 (մլն) տոննա պոչանք և 600 (մլն) տոննա այլ տեսակի թափոն:
Ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: Այն սկսվել է ՀՀ կառավարության կոմից 2007թ. նոյեմբերին ընդունված որոշման հիման վրա: 2008թ. մայիսին "Էյ-Սի-Փի"-ն պայմանագիր է կնքել ռուսական ՎՏԲ բանկի հետ` Թեղուտի հանքը շահագործելու նպատակով 249.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 12 տարվա վարկ ստանալու մասին: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ժգնաժամի պատճառով ընկերությանը փոխանցվել է վարկի միայն փոքր մասը: Հանքի շահագործման նախնական աշխատանքները, այն է` 50 հա անտառատարածքի ծառահատումները, հանքանյութը մշակող գործարանի և ճանապարհային ենթակառուցվածքների շինարարությունը, իրականացվում են ընկերության սեփական միջոցներով: Համաձայն "Էյ-Սի-Փի"-ի և ՎՏԲ բանկի ղեկավարության կողմից վերջերս տարածած տեղեկության` բանկը պատրաստ կլինի վարկը տրամադրել 2010թ. սեպտեմբերին:
Շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող խնդիրներ
Թեղուտի հանքի շահագործման նպատակահարմարությունը վիճարկել են արտասահմանյան և տեղացի բազմաթիվ փորձագետներ: "Սթրատկոնա միներալ սըրվիսիզ" կանադական ՍՊԸ-ն, որի հետ "Էյ-ՍԻ-Փի"-ն պայմանագիր է կնքել հանքի շահագործման գնահատում իրականացնելու նպատակով, հարցականի տակ է դրել ծրագրի անվտանգությունը շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև ծրագրի շահութաբերությունը: Տեղացի փորձագետներն իրենց հերթին իրականացրել են շրջակա միջավայրի վրա ծրագրի հավանական ազդեցության գնահատում և հիմնվելով "Էյ-Սի-Փի"-ի սկզբնական տվյալների վրա` արձանագրել են առաջիկայում սպասվող անտառային խոշոր տարածքների կորուստ, ջրային ռեսուրսների աղտոտում, կենսաբազմազանության կորուստ:
Ըստ մասնագետների, նախատեսվող 357 հա լեռնային անտառների լրիվ հատումը և հանքարդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծումը կուղեկցվի ջրային ռեսուրսների դրենաժով (չորացմամբ) և հողի էրոզիայով, որի արդյունքում իրականում կոչնչանա ավելի քան 1000 հա անտառ, կվտանգվեն ամբողջական էկոհամակարգեր, այդ թվում` արդեն իսկ վտանգված բույսերի ու կենդանիների կենսամիջավայրեր (հաբիթաթներ): Արծաթի, ռենիումի, անագի, արսենիումի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, ծծմբային միացություններ, ինչպես նաև ադյունահանման և հանքանյութի մշակման ընթացքում օգտագործվող այլ քիմիական նյութեր պարունակող պոչամբարները կթունավորեն Շնող գետի և իր վտակների անապակ դաշտերը` աղետալի ազդեցություն ունենալով մարդկանց առողջության և սննդային ապահովության վրա: Սողանքների հավանականությունը մեծապես կբարձրանա: Մեծ է նաև հսկայական պոչամբարի փլուզման հավանականությունը, որի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածությունը կտարածվի ողջ տարածաշրջանով մեկ` Դեբեդ գետի ավազանի միջոցով` ընդհուպ մինչև հարևան Վրաստան:
"Էյ-Սի-Փի" ընկերության կողմից իրականացված և կառավարության կողմից հավանության արժանացած շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը համապարփակ կերպով չի փոձաքննել վերը նշված հավանական հետևանքները: Գնահատման շրջանակներում չի կատարվել նաև կենսաբազմազանության կորստի վերաբերյալ լուրջ վերլուծություն, ավելին` ամբողջությամբ անտեսվել են մարդու առողջությանը սպառնացող և արտակարգ իրավիճակի հանգեցնող վտանգները: Բնապահպանական ազդեցության դրամային հաշվարկների մեծ մասը կատարվել է Ռուսաստանի դաշնության 15-ամյա հնության մեթոդաբանության հիման վրա, այսպիսով ակնհայտորեն անտեսելով ազգային օրենսդրության պահանջները: Շրջակա միջավայրին հասցվելիք վնասը հաշվարկվել է 50-70 տարվա տևողություն ունեցող ծրագրի միայն առաջին 8 տարվա կտրվածքով: Այս կերպ հանքարդյունահանման ծախսերի արժեքը ակնկալվող շահույթի նկատմամբ թերագնահատվել է, իսկ հանքի շահագործումը հանրությանը ներկայացվել է որպես ազգային տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ծրագիր:
Ծրագրի անմիջական ներգործության տակ գտնվող համայնքները պատշաճ կերպով չեն տեղեկացվել իրենց կենսագործունեության և շրջակա միջավայրի վրա հավանական ազդեցության մասին: Եթե ծրագրին հանրային մասնակցություն տեղի է ունեցել, ապա այն եղել է ձևական և ապարդյուն, քանի որ ոչ կարևորագույն բոլոր որոշումներն արդեն ընդունված են եղել:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար պատասխանատու մարմինները շրջանցել են "ԷՅ-Սի-Փի"-ի ներկայացրած թերի հաշվարկները և կեղծ տվյալները: Ամբողջությամբ անտեսվել են շրջակա միջավայրի անդրսահմանային ազդեցության և արտակարգ իրավիճակների հանգեցնող վտանգները, ինչպես նաև Հայաստանի միջազգային պարտավորությունները: Արտասահմանցի փորձագետների մասնակցությամբ բնապահպանական անկախ փորձաքննություն անցկացնելու վերաբեյալ հասարակական կազմակերպությունների հորդորը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից:
Օրինախախտումներ
Փորձագետների կարծիքով Թեղուտի հանքի շահագործումը խախտում է մի շարք կոնվենցիաների, այդ թվում` ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության շրջանակային, Կենսաբազմազանության մասին, Անապատացման դեպ պայքարի մասին, ՅՈՒՆԵՍԿՈ-ի` համաշխարհային ժառանգության մասին, Լանդշաֆտի եվրոպական, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ)` Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպոյի), ՄԱԿ-Ի ԵՏՀ ` Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մասին (Օրհուսի) կոնվենցիաների դրույթները` բոլորը Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված:
Ի հավելումն, Թեղուտի հանքարդյունահանման մասին որոշումները խախտում են ՀՀ սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, այդ թվում` ՀՀ հողային, Ջրային, Ընդերքի մասին օրենսգրքերը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի), Բուսական աշխարհի, Կենդանական աշխարհի մասին օրենքները: Այս օրենքների, ինչպես նաև Էսպոյի և Օրհուսի կոնվենցիաների շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունների օրինականությունը հասարակական կազմակերպությունների կողմից վիճարկվում են ՀՀ դատարաններում:
Հասարակական դիմադրություն
Բնապահպանական հասարակական կազմակերպությունները Թեղուտի հանքի շահագործման կապակցությամբ իրենց մտահոգություններն արտահայտել են դեռևս 2006թ մարտից` ծրագրի առաջին հանրային լսումներից ի վեր: Չնայած բարձրացված խնդիրներին, "Էյ-ՍԻ-Փի"-ն համապատասխան պետական մարմինների կողմից ստացել է անհրաժեշտ արտոնագրերը: Հանրության բողոքն ուժեղացել է ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի` թերի հիմնավորումներով և ապակողմնորոշված որոշման ընդունումից հետո: Թեղուտի պաշտպանության խումբը, որում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ և խնդրով մտահոգ անձինք, բազմիցս անց է կացրել ցույցեր, ստորագրահավաքներ, հանրահավաքներ, հանրային քննարկումներ և մամլո ասուլիսներ: Այս միջոցառումներից շատերին մասնակցել են նաև ծրագրին անմիջականորեն առնչվող համայնքների ներկայացուցիչները: Վերջիններս իրենց հերթին կազմակերպել են բողոքի ցույցեր` ընդդեմ իրենց բերրի հողերի, բերքի, վերջնական արդյունքում` հայրենի հողի կորստի դիմաց "ԷՅ-ՍԻ-Փի"-ի տրամադրած չնչին փոխհատուցմանը (մեկ քառակուսի մետր հողատարածքի դիմաց 10-20 ԱՄՆ ցենտ):
Հանրության բարձրացրած ձայնն արդյունք չտվեց: ՀՀ վարչապետի մոտ և պետական այլ մամիններում կազմակերպված մի շարք հանդիպումները, որոնք երկխոսություն ծավալելու ցուցադրական նպատակ ունեին, ապարդյուն էին, քանի որ ՀՀ կառավարությունը հանդես էր գալիս որպես Թեղուտի հանքարդունահանման անվրդով ջատագովը, անտեսում էր հկ-ների և մասնագետների մատնանշած խնդիրները: Վրացական հկ-ների ներկայացուցիչների մտահոգությունները` կապված ծրագրի հավանական անդրսահմանային ազդեցության հետ և Էսպոյի կոնվենցիայի և միջազգային լավագույն փորձի շրջանակներում բնապահպանական նոր փորձաքննություն անցկացնելու առաջարկները նույնպես պատշաճ արձագանք չեն ստացել:
Թեղուտի հանքարդյունահանման ծրագրի դեմ ցույցեր կազմակերպող և դրանց մասնակցող ակտիվիստները իշխանությունների կողմից ենթարկվել են ճնշումների, այդ թվում` հանրային հավաքները իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության կիրառմամբ ցրվել են, առանձին ակտիվիստների տրվել են զգուշացումներ, նրանք նույնիսկ` հարձակումների են ենթարկվել: Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` կապված դպրոցներից մեկում դպրոցականների նկատմամբ սեռական ոտնձգությունների իր բացահայտումների և բարձրաձայնման հետ: Ակնհայտ էր, որ քրեական հետապնդումը իշխանությունների կողմից վրեժ լուծելու մի եղանակ էր ընդդեմ խմբի անդամի բնապահպանական ակտիվիզմի, հատկապես` երիտասարդներին ծրագրի դեմ պայքարելու համախմբանն ուղղված ջանքերին:
Արդարության հասնելուն ուղղված քայլեր
Հայկական մի շարք հկ-ներ արդեն ավելի քան մեկ տարի ջանում են արդարության հասնել պետական արդարադատական համակարգի շրջանակներում: 2009թ. հուլիսին երեք հկ-ներ` "Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն", "Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակ", "Էկոդար" կազմակերպությունները հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան` վիճարկելով ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների որոշումները: Հայցադմումներում հկ-ները վկայակոչում էին ՀՀ սահմանադրության, պետական օրենքների, ինչպես նաև Էսպոյի և Օրհուսի կոնվենցիաների շրջանակներում ՀՀ միջազգային պարտավորությունների խախտումները:
ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը երկու անգամ մերժել է` պատճառաբանելով հայցվոր լինելու համար իրավաբանորեն ոչ ընդունելի կարգավիճակ ունենալը: Վարչական դատարանի վճիռը 2010թ. ապրիլին բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում և մինչ այժմ ընթացքի մեջ է:
ՀՀ կառավարության դեմ հայցադիմում ներկայացրած երեք հկ-ները 2010թ. ապրիլին հաղոդագրություն են հղել Ժնև` Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողով: Հաղորդագրությունում նշվել են Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտումները: 2010թ. մարտին գործը քննվել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովում` հաղորդագրությունը ներկայացնողների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Համապատասխանության հանձնաժողովը պատրաստվում է քննարկման արդյունքներն ամփոփել և իր հանձնարարականների հետ մեկտեղ հրապարակել 2010թ. սեպտեմբերի նստաշրջանի ընթացքում:
Թեղուտ և Շնող գյուղերի մի շարք բնակիչներ նույնպես արդարադատություն են հետապնդում իրենց իրավունքների վերականգման ուղղությամբ. մասնավորապես` նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան սեփականության կորստի և ոչ համարժեք փոխհատուցման հայցադիմումով: