Առաջին հեծանվակայանը բացվեց ԵՊՀ-ում
06.04.2012

17 հեծանիվի համար նախատեսված՝ Հայաստանի առաջին հեծանվակայանը բացվեց Երևանի պետական համալսարանում։

«Համալսարանն ունի 5-6 հեծանվորդ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել և համալսարան գալ հեծանիվով»,-ասաց «Հեծանիվ+» ՀԿ-ի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը։

Նա հույս հայտնեց, որ նրանց օրինակը վարակիչ կդառնա մյուս ուսանողների համար, և գնալով կավելանա հեծանիվը որպես փոխադրամիջոց օգտագործողների թիվը ։

«Սրանով մենք ուզում ենք սկիզբ դնել Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացմանը։ Ուզում ենք ցույց տալ մեր ղեկավար մարմիններին, որ Հայաստանում նույնպես կան հեծանվորդներ, որոնք ուզում են հեծանիվ վարել, սակայն չկա ոչ մի տարրական պայման, և խնդրում ենք, պահանջում ենք, որ այսուհետ ճանապարհաշինական ծրագրերի մեջ նկատի ունենան և նախագծեն հեծանվային ճանապարհներ»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Ճիշտ չէ այն տեսակետը, թե Երեւանի դիրքն ու փողոցները հենծանիվների համար չեն. «Ժամանակակից հեծանիվներն ունեն փոխանցման համակարգ և ցանկացած ռելիեֆի դեպքում համապատասխան փոխանցում դնելով կարելի է հաղթահարել նույնիսկ ամենադժվարին բարձունքները։ Այնպիսի տեղանք է լինում, որ մեքենան չի կարող բարձրանալ, բայց հեծանվորդը կարող է բարձրանալ»։

Հաջորդ կայանատեղին հավանաբար կբացվի Ֆրանսիական համալսարանում, որի հետ «Հեծանիվ+» ՀԿ-ն արդեն ունի նախնական պայմանավորվածություն։

http://www.a1plus.am/am/social/2012/04/07/hecaniv