Այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի բակում տեղի ունեցավ Երևանի առաջին հեծանվակայանի բացումը, որին ներկա էին մի շարք հեծանվորդներ:
Կայանատեղին նախատեսված է 17 հեծանիվների համար, որոնց անվտանգությունը պահպանվելու է համալսարանին շենքին ամրացված տեսախցիկների և պահակների միջոցով:
Հեծանվային կայանատեղին իր միջոցներով կառուցել է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:
ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ում կան 5-6 ակտիվ հեծանվորդներ, ովքեր ցանկություն են հայտնել դասի հաճախել հեծանիվներով:
«Հուսով եմ իրենք իրենց անձնական օրինակով կխրախուսեն մյուսներին և հեծանվորդների թիվը ավելի կշատանա»,– ասաց նա:
«Բոլորս էլ գիտենք, որ հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, ծավալները փոքր են, խցանումներ չի առաջացնում և չի մնում խցանման մեջ: Ուսանողների համար այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ դասից չեն ուշանա»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը և ավելացրեց, որ հեծանվակայանի կառուցմամբ իրենք ցանկանում են Երևանում սկիզբ դնել հեծանվային սպորտի զարգացմանը:
Սամվել Հովհաննիսյանը նաև նշեց, որ իրենք ցանկանում են պատկան մարմիններին ցույց տալ, որ Հայաստանում էլ հեծանվորդներ կան և ուզում են վարել, բայց չկան տարրական պայմաններ:
«Ճանապարհաշինարարական ծրագրերում ուզում ենք նախագծեն հեծանիվների համար հատուկ նախատեսված ճանապարհներ: Նշեմ, որ ժամանակակից հեծանիվները ունեն փոխանցման համակարգ և ցանկացած ռելիեֆային պայմաններում կարող են հաղթահարել ամենադժվար բարձրունքը»,- ասաց նա:
«Հեծանիվ+» ՀԿ-ն երկրորդ կայանատեղին ցանկանում է կառուցել Ֆրանսիական համալսարանի բակում և արդեն ունի նախնական պայմանավորվածություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ համալսարանը որքանով կկարողանա ապահովել հեծանիվների անվտանգությունը:
http://tert.am/am/news/2012/04/07/byc-parking/#.T4HbnC7GAAd.facebook
Առաջին հեծանվային կայանատեղին ԵՊՀ-ի բակում
06.04.2012