Մեր հեծանվային շարժումը սկիզբ առավ 2006թ-ից, երբ մի քանի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվեց հեծանվարշավ հանուն Գառնիի քարերի սիմֆոնիայի պահպանության: 2007թ-ից սկսվեցին բնապահպանական հեծանվաերթերը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզեր, ընդհուպ մինչև Թեղուտ: Լինելով բնապահպաններ մենք ընտրեցինք հեծանիվը, որպես էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոց, քանզի այն իր շահագործման ընթացքում վառելիք չի օգտագործում և օդը չի աղտոտում:
Հեծանվաերթերի ժամանակ որպես կանոն շփվում ենք մարդկանց հետ, տեղեկացնում առկա բնապահպանական խնդիրների մասին և մեր անձնական օրինակով մարդկանց հրամցնում հեծանիվ վարելու օգտակարության և անհրաժեշտության գաղափարը: Ինչքան էլ որ զարմանալի է, մարդկանց հետ շփվելիս բացահայտեցինք, որ մեր հայրենակիցների մեծ մասը հեծանիվ վարել չգիտի: Հայաստանը դեռ շատ հեռու է հեծանվային երկիր կոչվելուց, մինչդեռ շատ ու շատ զարգացած երկրներում վաղուց արդեն համոզվել են ու կառավարական մակարդակով լուրջ մոտեցում են ցուցաբերում հեծանվային փոխադրամիջոցին և որոշ դեպքերում նույնիսկ գերադասում են ավտոմեքենաներից:
Հաշվի առնելով հեծանվային փոխադրամիջոցի առավելությունները և նրա ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև գիտակցելով մեր առջև դրված և սպասվելիք խնդիրներն ու բարդությունները, մենք որոշեցինք ստանձնել այս դժվարին գործի իրագործման պարտականությունը և 2009 թ-ին հիմնադրեցինք «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն:
Ներկայումս ամեն շաբաթ մարզահամերգային համալիրի հարակից այգում «Հեծանիվ+»-ը անց է կացնում անվճար հեծանվային մարզումներ, որոնց ընթացքում ցանկացած տարիքի և սեռի անձիք անվճար սովորում են հեծանիվ վարել:
Ամեն կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է անվճար հեծանվային արշավներ դեպի Հայաստանի տարբեր մարզեր: Արշավների ընթացքում մասնակիցները ոչ միայն վայելում են բնության գեղեցկությունը, այլ նաև գիտակցում նրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի, իսկ անհրաժեշտության դեպքում նրա պաշտպանը դառնալու կարևորությունը:
Կազմակերպությունը մասնակցել է նաև մի քանի միջազգային երիտասարդական բնապահպանական ծրագրերի Վրաստանում և Լատվիայում:
Իր կազմավորման սկզբից մինչ օրս կազմակերպությունը գոյատևում է իր անդամների անձնական միջոցների և էնտուզիազմի շնորհիվ: