Հեծանվային մշակույթի զարգացումը Հայաստանում
08.10.2012

Վերջին օրերին մայրաքաղաքում ամենաքննարկվող թեմաներից է դարձել Հայաստանում հեծանվային մշակույթը զարգացնելու ուղղությամբ քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը: Խոսքը մոտ 5 կմ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ նոր հեծանվային արահետի կառուցման մասին է, որն, ըստ նախագծի, սկիզբ է առնելու Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցների խաչման հատվածից և Օղակաձև զբոսայգով շարունակվելու է մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից հատվածը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի հաղորդման համաձայն, սա ընդամենը փորձնական նախագիծ է, որի նպատակը Երևանն իր բնակիչների և հյուրերի համար էլ ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելն է: Նախագծի հաջողության դեպքում ծրագրվում է ընդգրկել ամբողջ քաղաքը՝ հեծանվային երթևեկության համար նախատեսված գոտիներ առանձնացնելով տարբեր հատվածներում: Փորձնական այս արահետի ամբողջ երկայնքով կկատարվեն համապատասխան գծանշումներ և կտեղադրվեն հատուկ ճանապարհային նշաններ: Հեծանվորդները կկարողանան փողոցը հատել` օգտվելով հետիոտների համար գծանշված անցումներից, իսկ որոշ հատվածներում արահետը կանցնի նույնիսկ ստորգետնյա անցումներով:


Հեծանվային արահետի մակետը
Կառուցման աշխատանքներն արդեն սկսված են, սակայն նախագիծը ավարտին հասցնելու ժամկետը, Սարուխանյանի խոսքերով, դեռևս հստակեցված չէ: Այնուամենայնիվ, քաղաքապետարանում հույս ունեն, որ հեծանվային ուղին լիովին պատրաստ կլինի «Էրեբունի-Երևան 2794 » տոնակատարությունների ժամանակ, ինչը յուրօրինակ նվեր կլինի երևանցիներին:

Ինչ խոսք, Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված այս նախաձեռնությունն, իրոք, հետաքրքիր է և ողջունելի, հատկապես եթե հաշվի առնենք հեծանվով երթևեկելու առավելությունները: Մի կողմից՝ մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմեքենաների քանակը, մյուս կողմից՝ բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատմամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը հեծանվային մշակույթի զարգացումն արդիական և կարևոր են դարձնում: Եթե համեմատենք հեծանվով երթևեկելու առավելությունները մեքենա վարելու կամ տրանսպորտային այլ միջոցներից օգտվելու հետ, ապա կարելի է նշել, որ հեծանիվն ընտրողները խնայում են իրենց ժամանակը, ֆինանսներն ու նյարդերը, քանի որ ստիպված չեն լինում երկար սպասել կանգառներում և խցանումներում, գումար ծախսել վառելիքի համար, իսկ քաղաքի մի ծայրից մյուս ծայրն անցնելու համար նրանք ընդամենը 40 րոպե են վատնում:

Մի կարևոր հանգամանք ևս ստիպում է հեծանիվը գերադասել մեքենայից՝ հեծանիվ վարելը կոփում է սրտանոթային համակարգը, ինչի արդյունքում մարդն իրեն առողջ ու առույգ է զգում: Եվ վերջապես, հեծանվային մշակույթի ճիշտ ձևավորումը հանգեցնում է նաև սպորտի զարգացմանը… Հաշվի առնելով այս ամենը, զարմանալի չէ, որ հատկապես մեր օրերում հեծանվային մշակույթի զարգացումը կարևորում են ոչ միայն դրա սիրահարները, այլ նաև պետական մարմիններն ու հասարակական գործունեություն վարող շատ կազմակերպություններ: Դեռևս 6 տարի առաջ, մի քանի ակտիվ երիտասարդ բնապահպաններ հեծանվային մշակույթը Հայաստանում զարգացնելու նպատակով, որոշեցին հասարակական կազմակերպություն հիմնել: Արդյունքում ծնվեց «Հեծանիվ +» էկոմարզական ՀԿ-ն, որի ակտիվիստները սկսեցին հեծանիվն օգտագործել բնապահպանական միջոցառումների ժամանակ՝ շեշտադրելով դրա էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց լինելու հանգամանքը: Երկար տարիներ նրանք լայնածավալ աշխատանքներ տարան՝ փորձելով զարգացնել ազգաբնակչության մեջ հեծանիվ վարելու նկատմամբ սեր:


Մաշտոց փ.- Մոսկոյան փ. հեծանվային ուղու սկիզբ
Այսօր արդեն, կազմակերպության հիմնադիր նախագահ Սամվել Հովհաննիսյանը ողջունելով հեծանվային արահետի ստեղծման նախաձեռնությունն ու հայտնելով այդ կապակցությամբ իր ուրախությունն, այնուամենայնիվ, շտապում է զգուշացնել, որ իրականում, հեծանվային մշակույթի զարգացման հարցի շուրջ խնդիրները շատ են, և միայն մեկ հեծանվային արահետի բացումը, ցավոք, այդ խնդիրները չի կարող լուծել: Սամվելի խոսքերով, դրա համար անհրաժեշտ է այլ կարևոր ենթակառույցների ստեղծումը, քանի որ արահետը կարող է ծառայել միայն որպես զբոսանքի վայր, այնինչ իրենց կազմակերպության և շատ հեծանվասերների նպատակն է մարդկանց սովորեցնել հեծանիվն օգտագործել որպես փոխադրամիջոց՝ աշխատանքի գնալիս, գնումներ կատարելիս, ուսման տարիներին ԲՈւՀ հաճախելիս և անգամ արշավների ժամանակ: Որպես փորձառու հեծանվորդ, ով հեծանիվ վարել սկսել է 3 տարեկանից և 10 տարի զբաղվել է հեծանվային սպորտով, Սամվելը հույս է հայտնում, որ փորձնական արահետին կհետևի այլ ուղիների կառուցումը: Սակայն լինելով իրատես, նա նշում է, որ դժվար կլինի ամբողջ Երևանն ընդգրկել այդ ծրագրում, քանի որ շատ փողոցներ և մայթեր այնքան նեղ են, որ հեծանիվի համար հատված առանձնացնելը պարզապես անհնար կլինի: Հեծանվային արահետներ կառուցելուց առավել Սամվելն ու նրա նման շատ հեծանվորդներ կարևորում են մայրաքաղաքի փողոցներում որոշակի գծանշանների և հատուկ նշանների տեղադրումը, որպեսզի ավտոմեքենաների վարորդները ուշադիր լինեն հեծանվորդների նկատմամբ: Հեծանվային արահետի բացակայությունը հեծանվորդներին մինչ այժմ չի խանգարել երթևեկել երևանյան փողոցներով, այնպես որ արահետի բացումը նրանք համարում են ցանկալի, բայց ոչ շատ անհրաժեշտ: Չէ՞ որ հեծանիվը նույնպես փոխադրամիջոց է և պետք է երթևեկի փողոցով, այլ ոչ մայթով, ինչպես կարծում են շատերն ու հատկապես ավտոմեքենաների վարորդները, որոնք հեծանվորդին տեսնելուն պես սկսում են ազդանշան տալ՝ նրանից խուսափելու համար: Վարորդների տեղեկացվածության բացակայությունը մեկ այլ խնդիր է հեծանվային մշակույթի զարգացման ոչ հեշտ գործում, այնպես որ, հատուկ գծանշանների առկայությունը փողոցներում կարող է բարձրացնել նրանց տեղեկացվածությունն ու շատ հեծանվորդներ այլևս ստիպված չեն լինի վախենալ հեծանիվով երթևեկելուց:


“Հեծանիվ+” ՀԿ-ի անդամները
Կարևոր ենթակառույց է նաև սպասարկող կենտրոնները, որոնք գրեթե բացակայում են, իսկ եղածներն արդեն վերակառուցվելու և հարմարավետ դառնալու կարիք ունեն: Շատ կարևոր է նաև հեծանվային կայանատեղերի և վարձակալության կենտրոնների բացումը, որպեսզի սուպերմարկետ կամ աշխատավայր գնալիս հեծանվորդի առաջ չծառանա փոխադրամիջոցը դրսում կայանելու հնարավորություն չունենալու խնդիրը: Ուրախացնում է այն, որ այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում և Երևանում օրեցօր հայտնվում են նոր կայանատեղիներ, որոնցից են, օրինակ՝ Պողոսյանների պարտեզների և 3 խոշոր ԲՈւՀ-երի (ԵՊՀ, բժշկական համալսարան և ֆրանսիական համալսարան) տարածքներում հայտնված կայանատեղիները: Ի դեպ, վերջին երեքը ամռանը կառուցվել են հենց «Հեծանիվ +» ՀԿ-ի անդամների ջանքերով: Եվ վերջապես, այս բոլոր խնդիրներին գումարվում է նաև կարծրատիպային մտածելակերպը, ինչը Հայաստանում հեծանիվ վարելու հարցում կարող է խոչընդոտ լինել նույնիսկ նրանց համար, ովքեր գիտակցում են հեծանվի առավելությունը: Ցավոք,այսօր ոչ բոլորն են պատրաստ «ընդունված շքեղությունը» հարմարավետությամբ փոխարինելու: Թանկարժեք արտասահմանյան մեքենայով շրջելը դեռ շատ երիտասարդների մոտ ինքնահաստատման միջոց է, այնինչ եվրոպական որոշ քաղաքներում նույնիսկ քաղաքապետերն են աշխատանքի գնում հեծանիվով: Իսկ շատ հայ աղջիկների մոտ կարող է առաջանալ կիսաշրջազգեստով հեծանիվ վարելու վախը, այնինչ նույն եվրոպացի աղջիկներն էլ հեծանիվ են վարում շրջազգեստով՝ բոլորովին չկաշկանդվելով դրանից: Այս ամենն ընդամենը կարծրատիպերի հետևանք է, ինչը ժամանակի ընթացքում նկատելի փոփոխություններ է կրում, և չնայած վերոհիշյալ բոլոր խնդիրներին, անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանում հեծանվով երթևեկող մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է:


Հայկ Համբարձումյան


Այժմ արդեն Երևանի փողոցներում կարելի է նկատել ոչ միայն հեծանվային մարզաձևով զբաղվող երիտասարդների, այլ նաև տարբեր տարիքի մարդկանց, ովքեր հեծանիվն օգտագործում են որպես փոխադրամիջոց, իսկ որոշ երիտասարդներ մեծ սիրով և ուրախությամբ իրենց քառանիվ փոխադրամիջոցը փոխում են հեծանվի: Նրանց թվին է պատկանում 25-ամյա տնտեսագետ Հայկ Համբարձումյանը, ով մի քանի ամիս առաջ դադարեց մեքենա վարել և հաճույքով հեծանիվ է վարում:

Հեծանվին անցնելու գաղափարը Հայկը վաղուց էր փայփայում, այնպես որ, հոգնելով խցանումներից և տրանսպորտի անհարմարավետությունից, առանց վարանելու հեծանիվ գնեց: Այժմ արդեն շատ ավելի մեծ հաճույքով է աշխատանքի գնում, հետաքրքիր շրջապատ է ձեռք բերել և ֆիզիկապես իրեն ավելի լավ է զգում: «Բոլոր այն պատճառները, որ մարդիկ բերում են հեծանիվ չվարելն արդարացնելու համար, պարզապես անհեթեթություն են: Հեծանվային արահետների բացակայությունը ընդամենը պատրվակ է: Նա, ով ուզում է հեծանիվ վարել, պարզապես գնում է այն ու դուրս գալիս երթևեկելու»,- ասում է Հայկը: Իսկ նրա ընկեր ՝ 31-ամյա իրանահայ անասնաբույժ Սարմեն Շահիջանյանը, ով Հայաստանում բնակվում է մոտ 5 տարի, և 4 տարի հեծանիվ է վարում, նշում է, որ աշխատանքի բերումով քաղաքից քաղաք տեղափոխվելու համար հեծանիվ վարելն առավել քան հարմար է, իսկ արշավների գնալիս ՝ հաճելի: Այնպես որ, առույգ լինելու և կյանքը փոխելու համար, պարզապես կարելի է գնել որակյալ հեծանիվ, որը կարժենա միջինը 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ, և շրջել Երևանում: Իսկ հեծանիվ վարել չիմանալու դեպքում, կարելի է միանալ «Հեծանիվ +» ՀԿ-ի ակտիվիստներին, ովքեր յուրաքանչյուր շաբաթ օր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին կից այգում կամավոր հիմունքներով հեծանիվ վարել են սովորեցնում բոլոր ցանկացողներին: Ի դեպ, անվճար դասընթացներ են կազմակերպում նաև Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի մասնագետները` քաղաքապետարանի վերջերս վերանորոգած Իսակովի պողոտայում գտնվող հեծանվահրապարակում:



Երևանի ծայրամասում ապրող հեծանվորդին, իհարկե, քաղաքի կենտրոնում գտնվող աշխատատեղ հասնելու համար նոր բացված հեծանվային արահետը ոչնչով չի օգնի, սակայն նմանատիպ քայլերն արդեն իսկ ոգևորիչ են, առավել ևս, որ մայրաքաղաքում նկատելի դրական փոփոխությունները չեն կարող չուրախացնել, համենայն դեպս ինձ՝ իր քաղաքը սիրող շարքային քաղաքացուս: Այնպես որ, կարելի է հուսալ, որ մոտ ժամանակներում կլուծվեն նաև հեծանվային մշակույթի զարգացմանը խոչընդոտող մյուս խնդիրներն ու հեծանվորդների համար հարմարեցված կլինեն արդեն քաղաքի բոլոր հատվածները: Իսկ հեծանվով քաղաքում երթևեկելու ցանկություն ունեցողների թիվն ավելի կմեծանա՝ կոտրելով շատ կարծրատիպեր ու լուծելով շատ խնդիրներ: Եվ, միգուցե մի օր մենք ևս ուրախանանք՝ տեսնելով մեր պաշտոնյաներին հեծանվով աշխատանքի գնալիս…

http://taghinfo.am/archives/986